Կրեմլին հայտնի չեն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասին Հայաստանի առաջարկի մանրամասները, բայց բուն որոշումները համարվում են ծայրահեղ թշնամական Ռուսաստանի համար: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Տվյալ դեպքում ես երկկողմ պայմանավորվածությունների հասնելու մասին առաջարկի մանրամասներից տեղյակ չեմ, հայկական կողմը ներկայացրել է որոշակի փաստարկներ հօգուտ այդ ստատուտի ընդունման: Եթե Հայաստանը ստանձնի միջազգային պարտավորություններ, ապա այստեղ պետք է հասկանալ, թե ինչն է համարելու գերակշռող», - ասել է խոսնակը:
Նրա փոխանցմամբ, Հայաստանը գիտի, որ Ռուսաստանը չի միացել Հռոմի ստատուտին և գիտի, թե ինչ դժվար ընկալելի որոշումներ են ընդունվել այդ կանոնադրությամբ:
«Իհարկե, սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք, բայց Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք հուսով ենք, որ նման որոշումները բացասաբար չեն անդրադառնա մեր երկկողմ հարաբերությունների վրա: Այստեղ խոսքը կոնկրետ ստատուտի մասին է, որը մենք չենք ճանաչում, մենք դրա մասնակիցներ չենք, սակայն այդ որոշումները չափազանց թշնամական են մեզ համար», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչդեռ, հայտարարում է, թե Երևանը հաշվի չի առել Հռոմի ստատուտի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները, և Հայաստանի կողմից դրա վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»։
«Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն «դակի» Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը», - ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել են գերատեսչությունում։
Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենսդրության նախագիծն այսօր հաստատվել է Հայաստանի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ին կայանալիք նիստի օրակարգում:
Միջազգային իրավական հարցերով հայաստանյան ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանը երկկողմ համաձայնագիր է առաջարկում Ռուսաստանին և ընդգծել է, որ ստատուտի ընդունումից հետո որևէ պարագայում խոսք չի կարող լինել նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում ձերբակալելու մասին:
Այս տարվա մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կալանավորելու որոշում է ընդունել՝ Ուկրաինայում կատարված հանցանքների համար: Մոսկվան խստորեն դատապարտել է այդ որոշումները և դրանք սադրանք է անվանել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի առիթներով հավաստիացրել է, որ Հռոմի ստատուտի ընդունումը կապ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ և առնչվում է միայն Հայաստանի անվտանգության խնդիրներն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրության վավերացմանը