Պեսկով. «Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնալուծարման հետ կապված զարգացումներին և առաջին հերթին ուշադրություն են դարձնում խնդրի մարդասիրական կողմին: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը շեշտը դնելու է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման մարդասիրական բաղադրիչի վրա:

«Մենք հաշվի ենք առնում, ուշադիր ենք: Վերահսկում ենք իրավիճակը, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտը, այն ամենակարևորն է: Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Բնակիչներից շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան: Խաղաղապահները նրանց սատարում են»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, հատկանշական է, որ ԼՂՀ ինքնալուծարման մասին փաստաթղթի երկրորդ կետում ասվում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել նոր ստեղծված հանգամանքներում բնակչության վերաինտեգրման պայմանավորվածությունները:

«Մենք դա բազմիցս ենք ընդգծել Բաքվի հետ մեր շփումներում և կշարունակենք ուշադրություն դարձնել խնդրի հումանիտար կողմի վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել