«Մայր Հայաստան» դաշինքը վերահաստատում է՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ են աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց դիրքորոշումը:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:
Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին», - ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Արձագանքելով «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության արած առաջարկին՝ Հայկ Մարությանն այսօր ասաց.- «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո, Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն»:
Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել են
«Քաղաքացիական պայմանագիրը» (24 մանդատ), «Ազգային առաջընթացը»՝ (14 մանդատ), «Մայր Հայաստանը»՝ (12 մանդատ), «Հանրապետությունը»՝ (8 մանդատ), «Հանրային ձայնը»՝ (7 մանդատ):