Բաքուն հաստատեց Լաչինի անցակետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, արխիվ

Պաշտոնական Բաքուն հաստատեց՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում:

APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը, փոխանցում է, որ «Վարդանյանին տեղափոխել են Բաքու»։ «Վարդանյանը փոխանցվել է համապատասխան պետական մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Քիչ ավելի վաղ Վարդանյանի կինն էր հաստատել Լաչինի միջանցքում իր ամուսնու ձերբակալության մասին տեղեկությունը:

«Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար», - ասված է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունում, որն «Ազատությանը» տրամադրեց Ռուբեն Վարդանյանի խոսնակը:

Վարդանյանի կինն այս հայտարարությունը տեղադրել է նաև ամուսնու X-ի էջում։

Նախապես ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներն էին տեղեկություններ տարածել Վարդանյանի ձերբակալության մասին, Ստեփանակերտի իշխանական շրջանակից աղբյուրն էլ «Ազատությանը» հաստատել էր լուրը։