Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է Հռոմի ստատուսը խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու «հապճեպությունը»:
«Իրենց էդ հիմնավորումները, որ դա մեզ հնարավորություն կտա ադրբեջանցի հանցագործներին բերել պատասխանատվության, ծիծաղելի են: Այսինքն՝ դու մի կողմից գնում ես իրենց հետ խաղաղության պայմանագիր կնքելու, մյուս կողմից՝ ասում ես «ես քեզ դատի եմ տալու»: Դա աբսուրդ է», - նշեց Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում:
«Երկրորդը, կարող ե՞ք մեկին նշել՝ մի հանցագործի պետական մակարդակի, ստատուսը, գիտեք չէ՞, ղեկավարներին է վերաբերում, ով էդ ստատուտի հիմքով դատապարտվել է», - ասաց դաշնակցական պատգամավորը՝ շարունակելով. - «Տեսե՛ք՝ նախկին Հարավսլավիան. դրա համար հատուկ դատարան եղավ, դատապարտվեցին Մլադիչը, Կարաջիչը, Միլոշևիչը, բոսնիացիներ, սերբեր, խորվաթներ: Դա արվեց առանց Հռոմի ստատուտի»:
«Միացյալ Նահանգները Հռոմի ստատուտը չի վավերացրել, Եվրոպայի հարավում գտնվող Սերբիան չի վավերացրել, Թուրքիան չի վավերացրել, Ադրբեջանը չի վավերացրել, Ուկրաինան չի վավերացրել Հռոմի ստատուտը», - ընդգծեց Խաչատրյանը:
«Հետևաբար՝ մենք պետք է լավ վերլուծենք և հասկանանք: Իրավական առումով՝ 2005 թվականի Սահմանադրական դատարանի վճիռ կա, որ դա մեր ներքին օրենսդրությանը հակասում է, հետո Սահմանադրական դատարանի ևս մի այլ որոշումով նախկինը բեկանվեց՝ դա էլ ընդունելի չի, ինչը տրամաբանական է՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
«Հայաստան» խմբակցությունը, ըստ նրա, այդ հարցը չի քննարկել:
«Այսինքն, որ ասում են՝ սրանով մենք գնում ենք դեպի Արևմուտք, դուք ասում եք՝ չէ, էլի եմ ասում՝ Միացյալ Նահանգները չի վավերացրել», - նշեց Խաչատրյանը:
Իշխանության մեղադրանքներին, որ իրենց ետևում կանգնած է Ռուսաստանը, դաշնակցական պատգամավորը հակադարձեց. - «Իրենց կրեատիվությունը Բերիայից էն կողմ չի անցնում: 37 թվին Բերիան էլ նույնն էր ասում, չէ՞, ում չէր սիրում, բոլոր քաղաքական օպոնենտներին ասում էր՝ «դուք լրտես եք»: Եթե իրենք կոնկրետ մեկին մեղադրանք ունեն՝ էդ մարդը պիտի նստած լիներ»:
Ռուսաստանի նախագահին ձերբակալման օրդեր տված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի վավերացման հարցն Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը կքննարկի վաղը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո միջազգային համաձայնագիրը կընդգրկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավական են այն վավերացնելու համար։
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ այդ որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ստատուտի վավերացումը Երևանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած Մոսկվայից հնչող շարունակական զգուշացումներին՝ Երևանը պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունըՀարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.