Չնայած Մոսկվայից հնչող շարունակական զգուշացումներին՝ Երևանը պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը

Չնայած Մոսկվայից հնչող շարունակական զգուշացումներին ու անթաքույց դժգոհությանը, Երևանն առաջիկայում պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

Ռուսաստանի նախագահին ձերբակալման օրդեր տված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի վավերացման հարցն Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը կքննարկի սեպտեմբերի 28-ին։ Հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո միջազգային համաձայնագիրը կընդգրկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավական են այն վավերացնելու համար։

«Այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Երևանը բազմիցս, այդ թվում՝ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով է հայտնել, որ պատրաստվում է միանալ Հռոմի կանոնադրությանը։ Մոսկվան իր հերթին դա ոչ բարեկամական քայլ է որակել։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում էլ պնդեց՝ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որն, ըստ վարչապետի, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու հարցով

Սակայն Փաշինյանը այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է Միջազգային քրեական դատարանին միանալը ապահովելու Հայաստանի անկախությունը սպառնալիքներից։ Նրա թիմակիցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն «Ազատության» եթերում հայտարարեց՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Երևանը կկարողանա դիմել միջազգային դատարանին։

«Անվտանգությունը բազմակոմպոնենտ համակարգ է և այդ կոմպոնենտներից մեկը, բնականաբար, իրավական է ու հենց սրա հետ է կապված, որ մենք շուտով կվավերացնենք ստատուտն ու դրանով իսկ մեր անվտանգության այդ կոմպոնենտների մեջ մի շատ կարևոր քար կավելացնենք», - նշեց Ալեքսանյանը:

Իշխող ուժից նաև հայտնում են՝ միջազգային պայմանագիրը վավերացվելու է առանց վերապահումների։

Փորձագետները ենթադրում են, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո Երևան ժամանելու դեպքում Պուտինը պիտի ձերբակալվի։ Ստատուտին միանալու Երևանի որոշումը մինչ Պուտինի ձերբակալման օրդերն է եղել, ընդգծում են իշխանության ներկայացուցիչները։ Փաշինյանը ևս օրեր առաջ դա շեշտեց։

«Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծել է վարչապետը։

Հռոմի կանոնադրությունն որպես իրավական փաստաթուղթ կարող է արդյունավետ լինել, բայց չի կարող կանգնեցնել էթնիկ զտումներ. Ղազարյան

Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանի լծակները բավարար են, օրինակ, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Բաքվին զսպելու կամ պատասխանատվության ենթարկելու համար. միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պնդում է՝ Հռոմի կանոնադրությունը որպես իրավական փաստաթուղթ կարող է արդյունավետ լինել, բայց չի կարող կանգնեցնել էթնիկ զտումները, պատերազմական հանցագործությունները։

«Որպես զսպող իրավական գործիք դա արդյունավետ է, բայց Եվրոպական դատարանն էլ է զսպող գործիք, Արդարադատության միջազգային դատարանն էլ է իրավական զսպող գործիք, բայց մենք տեսնում ենք դրանց արդյունավետությունը. որպես իրավական փաստաթղթեր արդյունավետ են, բայց միևնույն է դրանք չեն կանգնեցնում, չեն կանխարգելում էթնիկ զտումները, չեն կանխարգելում պատերազմական հանցագործությունները: Այսինքն՝ այդ դատարանի դերը չպետք է գերագնահատել, դրան պետք է մոտենալ որպես սովորական իրավական գործընթացի բաղկացուցիչ մաս՝ միջազգային ասպարեզում», - ընդգծեց Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը օրինակ է բերում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումն ու դրանից հետո Միջազգային քրեական դատարանի սկսած հետաքննությունը, որ մեկ տարուց ավելի է ընթացքի մեջ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի ստատուտն ընդդեմ Ռուսաստանի չի վավերացվում. Էդմոն Մարուքյան

«Մեկ տարուց ավելի է արդեն հարուցվել է քրեական հետապնդում Ռուսաստանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու հիմքով, բնականաբար, ոչ Ուկրաինայի դիմումի հիմա վրա, այլ 39 այլ պետությունների դիմումի հիման վրա, և մինչև հիմա դատարանը դեռ զբաղված է ապացույցներ հավաքելով: Այսինքն՝ ոչ մի միջազգային ատյան չի կարող կանխարգելել պատերազմի ակտիվ փուլը, չի կարող կանխարգելել պատերազմական հանցագործություններ, բայց բոլոր դեպքերում այն պետությունները կամ այն զինվորականները, որոնք կատարում են այդպիսի հանցագործություններ, նրանք, բնականաբար, հաշվի առնում են, որ մի օր կարող են կանգնել դատարանի առջև, ուղղակի այդ պրոցեսները երկար են», - ընդգծեց Արա Ղազարյանը:

Ըստ մասնագետների՝ միջազգային համաձայնագիրը վերապահումներով ընդունելու հնարավորություն Երևանը չունի, որ թույլ կտա խուսափել Պուտինին ձերբակալելու պարտավորությունից. - «Ցանկում չկա այնպիսի վերապահում, ինչպիսին է պետության առաջնորդը, որ ժամանակի Հայաստան մենք կարող ենք նաև նրան չձերբակալել: Հետևաբար, եթե Պուտինը Հայաստանի Հանրապետություն գա, բնականաբար, Հայաստանը պարտավորված պետք է լինի նրան ձերբակալել և հանձնել միջազգային ատյանին, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա: Առաջին հերթին, իհարկե, Պուտինը չի գա Հայաստան»:

Իշխանությունները դեռ չեն հստակեցնում՝ ի՞նչ է անելու Երևանը միջազգային համաձայնագրի վավերացումից հետո, եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, ինչպե՞ս են խուսափելու նրա ձերբակալումից։