Շտապօգնության մեքենաների հոսքը Այրվածքաբանական կենտրոն չի դադարում: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված տուժածների թիվը հասնում է գրեթե չորս տասնյակի:
Տուժածների շարքում կան նաև անչափահասներ: Նրանց հարազատները սպասում են դրսում. ներս մտնել չեն թողնում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի մինչև օրվա ավարտը բոլոր վիրավորներին Արցախից տեղափոխվեն Հայաստան:
Բժիշկներից մեկը «Ազատությանը» հայտնեց, որ մեկ ուղղաթիռով 7 հիվանդ է տեղափոխվում, մինչ այժմ հայտարարվել է 4 ուղղաթիռով դեպի Հայաստան թռիչքի մասին:
Շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն էլ ասաց, որ ամբողջ գիշեր այս ռեժիմով շարունակելու են աշխատել:
«Այս պահին բոլորը տեղափոխվում են Այրվածքաբանական կենտրոն, իրականացվում է բազմապրոֆիլ բժշկական թիմի կողմից նախնական տրիաժ, և հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում կտեղափոխվեն նաև այլ բժշկական կենտրոններ: Ուղղաթիռներով փոխադրումներն անընդհատ իրականացվում են, բացի դրանից 23 շտապօգնության մեքենաներ արդեն Ստեփանակերտից ճանապարհվել են Երևան, նրանք ևս տեղափոխում են թե՛ այրվածքներով, թե՛ մեր վիրավոր հայրենակիցներին: Մենք պիտի հասցնենք մինչև երեկո ուղղաթիռների մեր ամբողջ կարողությունն օգտագործենք և հնարավորինս արագ տեղափոխումներն իրականացնենք: 200-ից ավելի են վիրավորում ստացած անձինք, հիմնականում ծանր, ծայրահեղ ծանր և միջին ծանրության պացիենտներ են», - նշեց առողջապահության նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ: Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան է ուղղաթիռով մեկնել Արցախ: Շտապօգնության մեծ բրիգադ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ։