Իշխանությունների հեռացման պահանջով բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։ Առավոտից ցուցարարները կրկին փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ։
Երևանում լուրջ խցանումներ չկան, ակցիայի մասնակիցները գործում են նույն սկզբունքով՝ մի քանի րոպեով փակում են փողոցները՝ փորձելով կաթվածահար անել երթևեկությունը, ցուցարարների այդ քայլերին հաջորդում են ոստիկանների գործողությունները։
Թե քանի քաղաքացիներ են բաժիններ տարվել, ոստիկանությունից «Ազատությանն» ասացին, որ թվերն ավելի ուշ կհրապարակեն։
Քաղաքացիները շարունակում են բողոքել, որ ոստիկաններն ուժ են կիրառում բերման ենթարկելիս։
Երեկ օրվա ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասավ 168-ի։ Ըստ Քննչական կոմիտեի՝ մեկ շաբաթ առաջ սկսված ցույցերի ընթացքում արդեն 26 անձ տարբեր մեղադրանքներով կալանավորված է։ Նրանցից մեկը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Նրան օրերս ակցիաներից մեկի ընթացքում բերման ենթարկեցին, ու թեև կադրերում երևում է՝ ոստիկաններն են նրա նկատմամբ ուժ գործադրում, հենց Քոչարյանն է այժմ մեղադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատարանը երեկ որոշեց մեկ ամսով կալանավորել նրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհնազանդության ակցիաներ, երթեր. ընդդիմության ցույցերն այսօր շարունակվեցին