«Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի՝ հայերով բնակեցված անկլավի դեմ հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտնվել է հանրային ճնշման ներքո՝ Բաքվի հետ խոշոր էներգետիկ համաձայնագրի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու պատճառով», - օրերս գրել է Politico Europe հանդեսը։
Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպական իրավապաշտպան կառույցները պահանջում են մանրակրկիտ ստուգման ենթարկել Բլերի կապերը Բաքվի հետ։
«Թոնի Բլերը Ալիևի հետ սերտ կապեր է հաստատել վարչապետի պաշտոնը լքելուց հետո, երբ սկսեց միլիոններ աշխատել աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների և խոշոր ընկերությունների համար որպես խորհրդատու աշխատելով», -գրում է է Politico Europe-ը՝ նշելով, որ դրանց թվում էր նաև աշխարհի ամենաազդեցիկ էներգետիկ կոնցերններից մեկը՝ Ադրբեջանում ներկայացված BP-ն։
«Այս ընկերության գլխավորությամբ գործող կոնսորցիումը Բլերի ծառայություններից սկսել է օգտվել 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի կողմից փայփայվող մի ծրագիր իրականացնելով, ըստ որի, ադրբեջանական գազը պետք է Ադրբեջանից արտահանվեր Եվրոպա», -գրում է պարբերականն՝ ընդգծելով, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Հարավային Կովկասից մինչև իտալական «Ապուլիա» նավահանգիստը ձգվող «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի կառուցման հարցը 2018 թվականին Բլերը քննարկել է անգամ այն ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մատեո Սալվինիի հետ։ Վերջինս հայտնի է, որպես իտալական քաղաքական դաշտի ամենածայրահեղական գործիչներից մեկը, որի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Հյուսիսի Լիգան», աչքի է ընկնում աջ հայացքներով և ներգաղթյալների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին ուղղված քննադատության հիմնական պատճառը Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերն են։
«Թե ինչ դաժան վիճակ է Ադրբեջանում մարդու իրավունքներ հետ կապված, հայտնի է», - Politico Europe-ի հետ զրույցում նշում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության բրիտանական մասնաճյուղի ղեկավար Սաշա Դեշմուկը։
«Այդ խախտումների թվում են լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումները, կամայական ձերբակալությունները, ակտիվիստների՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, խաղաղ ցույցերի ցրումը և ենթադրյալ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում արձանագրված առաջընթացի գրեթե ի սպառ բացակայությունը», - նշում է Amnesty International-ի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ այս ամենի ֆոնին Թոնի Բլերը պետք է մի շարք ոչ այնքան հաճելի հարցերի պատասխանի։
«Բլերը պետք է ի վիճակի լինի հստակորեն ցույց տալ, որ իր խորհրդատվական գործունեությունը չի ներառել ոչ ուղղակի մասնակցություն մարդու իրավունքների խախտումներին ոչ էլ այնպիսի խորհուրդներ, որոնց նպատակն է եղել խուսափել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը», - նշում են բրիտանացի իրավապաշտպանները։
Politico Europe-ը նաև նշում է, որ հնչող մեղադրանքների առթիվ փորձել է մեկնաբանություն ստանալ Թոնի Բլերի կողմից ղեկավարվող «Գլոբալ փոփոխությունների ինստիտուտից», սակայն ապարդյուն։