Իրանի դեսպանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ Թեհրանի հստակ դիրքորոշումը

Իրանի դեսպանը Մեհդի Սոբհանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:

Մեհդի Սոբհանին ընդգծել է Իրանի կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը մեզ համար կարմիր գիծ է»․ Իրանի ՊՆ