Ստեփանակերտից այսօր Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան։
Այսօր առավոտյան էր Երևանը հաղորդել, որ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։
Երեկ Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն ասել էր, որ ծանր վիճակում գտնվող 30 վիրավորներ կան, որ պետք է Երևան տեղափոխվեն։ Նա նաև նշել էր՝ կա պայմանավորվածություն, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ կգնան Հայաստանի շտապօգնության մեքենաները։
Մարտական գործողություններից 6 օր անց դեռ զոհերի, վիրավորների հստակ թիվ չկա, բազմաթիվ ընտանիքներ փնտրում են իրենց հարազատներին, որ ենթադրաբար մնացել են ադրբեջանական օղակի մեջ։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սեպտեմբերի 20-ի հրապարակած տվյալներով՝ ադրբեջանական հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։ Այս թվերը չեն թարմացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտակերտից ու Մարտունուց վիրավորների տարհանումն սկսվել է. տեղահանվածներն Արցախում անորոշ սպասման մեջ են