Էրդողանը վաղը կմեկնի Նախիջևան․ թուրքական լրատվամիջոցներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով վաղը Նախիջևան կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ Անկարան ու Բաքուն այցի մասին պաշտոնապես չեն հաղորդել։

NTV-ի տեղեկություններով՝ Թուրքիայի առաջնորդն ադրբեջանցի պաշտոնակցի հետ կքննարկի «անջատողական հայերի զինաթափման գործընթացը», ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքը, որը կապահովի ադրբեջանական հողերի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը»։

Թուրքական լրատվամիջոցը մեջբերում է նախագահ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեցրած հայտարարությունը․ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, և խոստումները արագ իրականություն կդառնան, հատկապես, «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ»։