Արցախից ներկայացրել են, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ իրականացվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Բացի այդ, այս պահին կատարվում են նաև Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ է տրվել, ինչպես նաև Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:
Տեղեկատվական շտաբից հորդորում են քաղաքացիներին պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:
«Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը», - նշում է շտաբը: