Այժմ ավելի բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության պայմանագրի կնքման համար. Ալիևը՝ Կլաարին

Արխիվ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հանդիպման մասին մանրամասներ է հաղորդում Ադրբեջանի նախագահականը․ «Տոյվո Կլաարը դրական է գնահատել սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ժողովրդին հղած պետության ղեկավարի ուղերձը, նրա արտահայտած մտքերը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Եվլախում կայացած հանդիպումը Ղարաբաղի շրջանի հայ բնակիչության ներկայացուցիչների հետ»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն Ալիևը եվրոպացի դիվանագետին հավաստիացրել է՝ «նրանց {Արցախի հայերի} բոլոր իրավունքները՝ կրթական, մշակութային, կրոնական, համայնքային, ընտրական և մյուսները կապահովվեն»։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ այժմ «ավելի բարենպաստ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար»։

Պաշտոնական Բրյուսելը Կլաարի ու Ալիևի հանդիպման մասին մանրամասներ դեռ չի հայտնել։

Կլաարը նախքան Բաքու մեկնելը Երևանում էր։ Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել էր Արցախում ստեղծված իրավիճակը։