Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին:
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:
ԵՄ պաշտոնյան այսօր հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Կլաարը կայցելի Ադրբեջան: Ենթադրվում է, որ այցը տեղի կունենա առաջիկա օրերին, սակայն հստակ ժամկետը դեռ հայտնի չէ: