Ո՞վ է փակ պահում ճանապարհը Արցախից դուրս գալ ցանկացող հայերի համար։ Արդեն 4-րդ օրն է՝ արցախցիները «Ազատության» հետ զրույցներում և սոցիալական ցանցերով հումանիտար միջանցք են աղերսում, բայց տարհանման հարցում շատ հստակություն չկա։
Հայաստանի դիրքորոշումը երեկ ներկայացրեց, այսօր էլ վերահաստատեց վարչապետ Փաշինյանը։ Քանի դեռ արցախցիներն ուղիղ սպառնալիքի տակ չեն, դա պլան «Գ»-ն է։ Հիշեցրեց՝ Լաչինի միջանցքը միակողմանի՝ Բաքուն է փակել անցած դեկտեմբերից, ու հավելեց՝ արցախցիներին տեղահանելով հանկարծ չստացվի, որ «մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում»՝ պատասխանատվությունից և մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին։ Ուշագրավ մի բան, սակայն, երեկ ուղիղ եթերում շրջանառեց Փաշինյանը՝ ասելով, թե Հայաստանում քաոս առաջացնելու նպատակով են լուրեր տարածվում, թե Հայաստանն է փակել արցախցիների մուտքը։
«Օրինակ՝ այսպիսի տեղեկություն ունենք, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է՝ եկեք, որովհետև հնարավոր է, որ տեղափոխվեք Հայաստանի Հանրապետություն, հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են՝ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք ՀՀ։ Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել, և ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար», - ասաց վարչապետը։
«Ազատության» հետ զրույցներում արցախցիներն այս օրերին պատմում էին, որ հստակ տեղեկատվություն չունեն՝ մնալու են, տարհանվելու են, ինչպես են պաշտպանվելու։ Արցախցի մի կին, որ առաջին օրը նույնպես Ստեփանակերտի օդանավակայանում է եղել, պատմեց, որ խոսակցություններ լսել է, թե իբր հայկական կողմը չի ցանկանում արցախցիների առջև դուռ բացել, սակայն անձամբ իրեն ոչ ոք այդպիսի բան չի ասել։
«Կոնկրետ ռուսներից ես նման բան չեմ լսել, բայց բոլորն այդ թեմաներից են խոսում, որ եթե մարդասիրական միջանցք էլ բացվի, Ադրբեջանը համաձայնի բացել, Հայաստանը մեզ չի ընդունելու։ Ճիշտ է՝ ես չեմ հավատում նման խոսակցությունների, Հայաստանը մենակ երկրի ղեկավար վարչապետը չի։ Եթե չընդունեց էլ, թող միջանցք տա, մենք դուրս գանք ուրիշ երկիր։ Այստեղ ավելի շատ Ադրբեջանն ու Ռուսաստանն են, որ չեն թողնում մենք այստեղից դուրս գանք», - ասաց նա։
Մի քանի այլ զրուցակիցներ էլ նույնը փոխանցեցին՝ այստեղից- այնտեղից լսել են դա, բայց անձամբ իրենց նման բան ասող չի եղել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից երեկ հաղորդել էին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում 1340 մարդ է մնում, որից 607 երեխա է։ Թե ինչ է սպասվում այս մարդկանց, ռուսական կողմը ևս որևէ տեղեկություն չի հաղորդել։
Արցախի տեղեկատվական շտաբից այսօր նաև հայտնեցին, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: