«Սաղ գիշեր մարդիկ դրսերում, ասֆալտին, խոտերին նստած, իրար գրկած». իրավիճակն Արցախում

Կարմիր խաչի վեց մեքենաներայսօր ուղևորվել են շրջափակված Մարտունի, տեղափոխել ինը վիրավորների, որոնց այս օրերին չէին կարողանում Ստեփանակերտ հասցնել։

Ռազմական գործողություններն սկսելուց հետո ադրբեջանական զինուժը Մարտունի և Մարտակերտ տանող ճանապարհներին է, այս շրջաններից վիրավորներին ու զոհերի մարմինները դուրս բերել հնարավոր չէր։

Երկու օր է՝ պաշտոնական տվյալները զոհերի և վիրավորների վերաբերյալ չեն թարմացվում՝ 200 զոհ ու 400 վիրավորի մասին ավելի վաղ էր հայտարարվել։ Անհետ կորած բազմաթիվ զինվորականներ կան, նրանք հետ կապ հաստատել չի ստացվում, ըստ հարազատների՝ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Առաջնագծում գտնվող զինծառայողներից ոմանք կարողացել են կապ հաստատել ընտանիքների հետ ու տեղեկացրել՝ ողջ են։

«Ձայնը լսել եմ, կենդանի է, բայց մինչև հիմա չի եկել, հերթով են բերում, ռուսներն են բերում», - ասում է արցախցի կինը, ում մեկ այլ ազգական Մարտունու գյուղերից մեկում է շրջափակված, նրա մահվան մասին էին լսել, հետո զանգ ստացան։

Մարտունու, Մարտակերտի շրջաններում գյուղեր կան, որտեղ հավաքված բնակիչներից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում։

«Չէինք ուզում դուրս գալ, բայց գյուղապետը ստիպեց ժողովրդին, որ եթե մտնեն, կարող է պադվալն ապահով է, բայց եթե մտնեն, ժողովրդին մորթեն, ես ոչ մի բան չեմ կարա անեմ, ռուսները պատասխան չեն տա», - ասում է խրամորթցի կինը, որ հիմա Ստեփանակերտին մոտ բնակավայրում է, լսում է տեղահանվածների իրենց տներ վերադարձի մասին ճառեր, ինչպե՞ս Խրամորթ վերադառնա, եթե այնտեղ ադրբեջանցիներն են. - «Ուազով ման են գալիս թուրքերը գյուղի մեջ, պոստերն էլ ամբողջը թուրքեր են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ավելի շատ Ադրբեջանն ու Ռուսաստանն են, որ չեն թողնում մենք այստեղից դուրս գանք». Արցախի բնակիչ


Գրավված բնակավայրից տեղահանվածները հիմնականում Ստեփանակերտում, Ասկերանում են հավաքվել, նաև ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։

«Սաղ գիշեր մարդիկ դրսերում, ասֆալտին նստած, խոտերի մեջ նստած, իրար գրկած, կրակ վառած», - պատմում է երիտասարդ կինը, որ 5-ամյա դստեր հետ որոշել է տանը մնալ՝ Ստեփանակերտին մոտ մի համայնքում, քողարկվել է այնպես, որ մոտիկ դիրքավորված ադրբեջանցիները իր շարժը չտեսնեն. - «Պատշգամբ դուրս չեմ գալիս, որովհետև դիմացս են, երեխային էլ չեմ թողնում դուրս գալ, կարպետ ենք փռել, որ չերևանք շատ։ Չի իմացվի էլի՝ ինչ կլինի, ասում են՝ հրադադար է, բայց թուրքից ամեն ինչ սպասելի է»։

Լսեց՝ դեպի Արցախ է ուղևորվել ադրբեջանական մի քանի բեռնատար՝ իրենց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ են բերում և կարևորը՝ հաց։ Սկզբում ծիծաղեց, հետո դառնացավ. - «Էնքան եմ վախենում, որ լիքը մարդ կընդունի այդ հացը, որովհետև իրոք սոված ենք»։

Արցախում ծանր սպասում է, և որևէ որոշակիություն չկա, հոսանք, գազ, ջուր, չկա, մարդիկ բակերում կրակներ են վառել, որ գոնե տաք թեյ խմեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտ․Բանակցություններ են ընթանում «զորքերի հետքաշման, տարհանված քաղաքացիների վերադարձի ուղղությամբ»


«Իշխանություն չկա, ոչ մի տեղ ոչ մի մարդ չկա, որին մոտենաս, մի բան ասի», - ասում է կանանցից մեկը։

Միայն հեռանալու մասին ենք մտածում, ասում են «Ազատության» զրուցակիցները. - «Ես ինքս անձամբ մոտեցել եմ ռուսներին, աղաչում էի, ասում էի՝ փոքր երեխատեր եմ, փող կտանք, ոսկի կտանք, դուք մեզ տեղափոխեք, ասում ա՝ չէ, հրաման չունենք, տեղափոխելու ենք, բայց դեռ չգիտենք երբ»։

«Ոչ մեկ չի ուզում այստեղ մնալ, 100 տոկոսն ասում ա՝ դուրս գանք», - ասում է մեկ այլ արցախցի, հավելում. - «Որոշներն ասում են՝ ո՞նց եմ ապրելու առանց էս ջրի, հողի, երեք-չորս օր առաջ ես էլ էի այդպես մտածում, որ ես ավելի լավ է իմ աղջկա հետ այստեղ սովից մեռնեմ, իմ սենյակում, քան դուրս գամ այստեղից։ Բայց վերջին երկու օրը էնքան պատմություններ եմ լսել, տեսել, որ էլ չեմ ուզում էստեղ մնամ»։

Մինչ արցախցիները տագնապով սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ հաջորդ վայրկյանին, Բաքուն տեսանյութեր է տարածում գրավված Սարսանգի, Դրմբոնի, բազմաթիվ այլ հատվածներից։ Արցախի գյուղերում անհայտ ճակատագրով բազմաթիվ ընտանիքներ երեխաներ կան, ադրբեջանական կողմը ճամփա չի բացում, նրանց մասին որևէ տեղեկություն ճշտելու համար, փոխարենը՝ Բաքուն մարդասիրական տեսանյութեր է տարածում՝ «հայ կնոջը իրենց հոսպիտալ են տարել, վիրահատել, լավացրել», մի հայ տղամարդու ձեռքը վիրակապում են ու նաև ուտելիք են տվել։

Ստեփանակերտում ու հարակից մի քանի բնակավայրերում, որտեղ դեռ ադրբեջանցիներ չկան, հավաքվում են։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հուշատախտակից մարդիկ հեռացնում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները: