Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեկ երեկոյան առաջին տվյալը հրապարակեց Արցախում այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ» զոհված ռուս խաղաղապահների մասին. ըստ այդմ, սպանվել է վեց ռուս զինվոր, ընդ որում, ըստ Բաքվի, նրանցից մեկը զոհվել է հայկական կողմի կրակից:
Գերատեսչությունն ընդունել է, որ սեպտեմբերի 20-ին Ջանաթաղ գյուղի մոտ Ադրբեջանի Զինված ուժերի զինվորականները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են հինգ ռուս խաղաղապահներ։ Բաքուն ասում է, թե դեպքը տեղի է ունեցել սխալմամբ. «Բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով ադրբեջանական կողմը կարծել է, թե հարվածում են հայկական զինված խմբավորումներին»:
Ադրբեջանի դատախազությունը նաև պնդում է, թե նույն օրը «հայկական անօրինական զինված խմբավորումների անհայտ անդամները հրազենով կրակել են ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Հրթիռակոծության հետևանքով մեկ ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել»։
«Հաջողության զինվոր» տելեգրամյան ալիքը հրապարակել է ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը, որում ենթադրաբար եղել են հինգ զոհված ռուս խաղաղապահները։ Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ ռուսական Gray Zone-ը, կասկածի տակ է դնում պաշտոնական Բաքվի պնդումը, թե ռուսական մեքենան պատահաբար է գնդակոծվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներ են զոհվել«Սա ծրագրված ակիցա էր», - գրում է տելեգրամյան ալիքը՝ մանրամասնելով՝ մեքենայի վրա եղել են «հստակ գծանշումներ», գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկը, այսինքն, ադրբեջանցիները տեսել են, որ թիրախում ռուս խաղաղապահների մեքենան է:
Երեկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգել էր Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան համար։
Ղարաբաղյան երկրորդ պատերազում առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական կողմը ռուս զինվորական է սպանում․ 2020-ի նոյեմբերին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում ռուսական Մի-24 ուղղաթիռն էր խոցել, ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվել էր, ևս մեկը ստացել միջին ծանրության վնասվածքներ։ Այդ միջադեպից հետո Ադրբեջանը ներողություն խնդրեց ռուսական կողմից, ժամեր անց հայտարարվեց հրադադարի մասին։
Այս անգամ ևս ռուս խաղաղապահների սպանությունը որևէ ձևով չի ազդել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստին, մասնավորապես, Ռուսաստանի ներկայացուցիչը Ստեփանակերտը անվանել է Խանքենդի, ուղղակիորեն չի քննադատել Ադրբեջանին, բայց, օրինակ, ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարմանն այլընտրանք չկա։