Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկից, ակցիայի ժամանակ, ոստիկանները բերման ենթարկեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
Նրա փաստաբանը պնդում է, թե Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից:
Առավոտից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Երևանի կետրոնական փողոցները։
Բերման ենթարկվածների թիվը, ՆԳՆ-ի՝ կեսօրին ներկայացրած տվյալներով, 84-էր։ Բերման էր ենթարկվել նաև «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նա քիչ առաջ Քննչական կոմիտեից ազատ արձակվեց։
Այս պահին ցուցարարները կառավարության շենքի մոտ են, իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է։ Տարբեր պահանջներ ու կոչեր են հնչում, այդ թվում՝ կառավարության հրաժարականի, արցախցիներին Արցախից տարհանելու։
Երկու երիտասարդներ կարմիր ներկ են շփել դեսպանատան պատերին
Մի միջադեպ էլ այսօր տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև․ երկու երիտասարդներ կարմիր ներկ են շփել դեսպանատան պատերին։
Տղաները չեն բացատրել իրենց այս քայլը, ներկը պատերին շփելուց հետո հեռացել են դեսպանատան տարածքից։
Երեկ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ներկայացուցիչը Ստեփանակերտը կոչեց Խանքենդի՝ ադրբեջանական տեղանունով։
Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները սրված են, երկու կողմից կոշտ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը