Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 1-ից այլևս անձնագրերի ելքի կնիքներն անհրաժեշտ չեն լինի և այդ ծառայությունը չի մատուցվի քաղաքացիներին։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ անձնագրային ծառայությունների աշխատանքը բարելավելու ու քաղաքացիների կյանքը դյուրացնելու համար որոշվել է հրաժարվել կլոր կնիքներից։ Ըստ փոխնախարարի՝ պարզվում է, որ «դրանք վաղուց արդեն անհրաժեշտ չէին»։
«Այս պահին ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր անձնագրերի վավերականության մասին։ Բայց այն չի հատվում անձնագրերի վավերականության գործողության ժամկետի հետ, տարիներ շարունակ այդ կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտքի և ելքի հետ կապված հարցերը կարգավորելու, բայց արդեն ունենք նույնականցման քարտերի ինստիտուտ, ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ) համակարգն է աշխատում և այլ գործիքակազմեր ևս կան, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում։ Բացի այդ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած ստանդարտով ևս որևէ պահանջ չկա այսպիսի կլոր կնիք ունենալու մասով», - հայտնեց Սարգսյանը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կլոր կնիքի պահանջը անձնագրային ծառայություններում հանգեցնում էր հերթերի, օրինակ միայն 2021 թվականին կնիքի շուրջ 500 հազար գործարք է եղել, 2022 թվականին՝ 640 հազար գործարք։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը և մենք ուղղում ենք», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։