Քաղաքացիները նիստին զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև

Քաղաքացիները Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա են իրականցնում Կառավարության շենքի առջև։

«Եթե ունենանք այդ բավարար ուժը Կառավարության բոլոր մուտքերը փակելու, կգնանք այդ քայլին, եթե չէ՝ ամբողջ օրը շարունակելու ենք մեր անհանազանդության ակցիաները», - Կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ցույցերը համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Երեկ ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ կոչ արեց այսօր առավոտից փակել Երևանի փողոցները և դա անել այնքան ժամանակ, մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

«Ես ձեզ հավաստիացնում եմ կարգապահ և միասնական ջանքերով շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում դա տեղի է ունենալու», - նշեց ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Այսօր առավոտից քաղաքացիները Երևանում փողոցներ են փակում։ Կարճ ժամանակով փակվեցին նաև Երևանի Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը։

Կան բերման ենթարկվածներ, բերման ենթարկվածների թվում է նաև ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ոստիկանությունը բերման ենթարկվածների թիվ դեռ չի հաղորդում։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն է փոխարենը տեղեկացրել, որ մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանների գործողությունների արդյունքում արագ բացվել են և այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղ առավոտից քաղաքացիները փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը

Երեկ ընդդիմությունը հարթակից նաև հայտարարեց, որ այսօր փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի այսօրվա նիստը: Գործադիրի նիստերը սովորաբար տեղի են ունենում ժամը 11-ին։ Այսօր նիստից րոպեներ առաջ կառավարությունը տեղեկացրեց ժամի փոփոխության մասին, այն մեկնարկեց 10։00-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թևանյանը կոչ արեց վաղն առավոտից փակել Երևանի փողոցները