Ընդդիմությունը քիչ առաջ մեկնարկած հանրահավաքում հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը, այնտեղ ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Վաղը ցուցարարները փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի նիստը:
«Մեր առաջին նպատակը պիտի լինի ծնկի իջեցնել այս իշխանությանը, իրենց բացատրել, որ իրենք որպես իշխանություն արդեն մահացած են, և դրանից հետո լեգիտիմ ճանապարհներով մենք էդ հարցը պետք է լուծենք, դրա համար մեզ համար շատ մեծ նշանակություն ունեն մեր այն գործընկերները, որոնք գտնվում են Ազգային ժողովում», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Թևանյանը կոչ արեց վաղն առավոտից փակել Երևանի փողոցները, իսկ այժմ ցուցարարները դա կանեն խմբերի բաժանված շարժվելով դեպի մայրաքաղաքի տարբեր հատվածներ:
«Վաղվանից սկսած այնքան ժամանակ մինչև մենք կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ես ձեզ հավաստիացնում եմ կարգապահ և միասնական ջանքերով շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում դա տեղի է ունենալու», - նշեց Անդրանիկ Թևանյանը:
Այսօր ավելի երկարաժամկետ պլաններ այսօր չհրապարակվեցին, միայն վաղվա գործողությունները հաղորդվեցին՝ առավոտից կաթվածահար անել Երևանի երթևեկությունը:
Ցուցարարներն այսօր ավելի վաղ փակել էին Երևանի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք Հայաստանի կառավարությունից մարդասիրական միջանցք են պահանջում՝ արցախցիների ելքը Լեռնային Ղարաբաղից ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ունենք որոշում՝ ստեղծել ազգային կոմիտե. Իշխան Սաղաթելյան