Ղարաբաղում զինված խմբավորումների զինաթափումն իրականացվելու է ռազմական մասնագետների կողմից, «այժմ նախապատրաստվում են դրա մեխանիզմները», հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Ելույթ ունենալով Ադբեջանում հավատարմագված դիվանագետների առջև՝ Հաջիևը կրկին պնդել է, թե Բաքուն պատրաստ է վերաինտեգրել Ղարաբաղում ապրող հայերին Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։
«Վաղը Եվլախում կայանալիք հանդիպմանը մենք պատրաստ ենք պատասխանել Ղարաբաղի բնակչության հումանիտար հարցերին և սեղմ ժամկետում երաշխավորել կայունություն ու անվտանգություն»,- պնդել է նա։
Հաջիևը միաժամանակ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ խնդիրների լուծումը Հարավային Կովկասից դուրս փնտրելու համար։ «Կարիք չկա տարածաշրջան բերել աշխարհքաղաքական մրցակցությունն ու խնդիրներն այլ երկրների հետ։ Հայաստանը չպետք է գործիք դառնա նման քաղաքականության համար»,-ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։
Հաջիևը նաև պնդել է, թե Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները «Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել. վարչապետԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց