Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե երեկ մեկնարկած ու արդեն «հաջողությամբ ավարտված հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը:
Ալիևը հանդես է եկել ուղերձով՝ պնդելով, որ ամբողջությամբ ոչնչացվել է բանակի զգալի մասը, որը Հայաստանի կողմից ապօրինի տեղակայվել է ադրբեջանական տարածքներում և դեռևս դուրս չի բերվել՝ չնայած Երևանի պարտավորություններին։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ղարաբաղի հայերն ամբողջությամբ ընդունել են Բաքվի պահանջները, ինչպես նաև համաձայնել վաղը հանդիպել Ադրբեջանի նշած վայրում՝ Եվլախում: Ավելին, ըստ Ալիևի, հայերն արդեն սկսել են հանձնել զենքերը և դուրս բերել զինված խմբավորումները. - «Մենք զգուշացնում էինք, որ խունտայի ապօրինի ռեժիմը պետք է իր, այսպես կոչված, դրոշը դնի գրպանն ու հեռանա մեր տարածքներից: Սա մեր ինքնիշխան իրավունքն է»:
Վաղվա բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակը՝ կրկին շեշտելով, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. - «Դրանից հետո ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ 30 տարվա ապօրինի ռեժիմը, պետական ի՞նչ ատրիբուտներ այն կարող է ունենալ, ի՞նչ ընտրություններ անցկացնել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ