Ունենք որոշում՝ ստեղծել ազգային կոմիտե. Իշխան Սաղաթելյան

Ունենք որոշում՝ ստեղծել ազգային կոմիտե, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ՀՅԴ գրասենյակում մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաքին:

«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում՝ առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի իր հաղթական ավարտին՝ դա կկոչվի ազգային կոմիտե: Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը», - ներկայացրեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այդ ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընդդիմությունը օգտվելու է Ազգային ժողովում իմփիչմենթ սկսելու գործընթացից:

«Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորած ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից հստակ ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր: Սիրելի հայրենակիցներ, բոլորն ասում են՝ ամեն ինչ վերջացել է, արդեն ուշ է, ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ գրասենյակում ավարտվել է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի հավաքը