Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլի, արխիվ

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։

«Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», - ասված է երկրի արտգործնախարար Մելանի Ջոլիի (ֆրանսերեն՝ Ժոլի) երեկ հրապարակած հայտարարությունում:

Բացի այդ, Օտտավան «կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը», և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար»։

Ջոլին ընդգծում է, որ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ