Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ. վերջինս «ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել»

Արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

Մինչդեռ ըստ Բաքվի հաղորդագրության՝ Ալիևը Բլինքենի հետ զրույցում ռազմական գործողությունները դադարեցնելու պայման է դրել, որ հայերը վայր դնեն զենքն ու հանձնվեն։

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Ավելի վաղ Ստեփանակերտը դիմել էր ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բաքուն Ստեփանակերտի հետ հանդիպման համար նախապայմաններ էր ներկայացրել՝ «հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի»։

Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդել է, որ ժամի 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։

Արցախից հաղորդված վերջին տեղեկության համաձայն՝ մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ