Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ Կոմիտեի՝ նշված անձինք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց՝ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում: Երևանում բողոքի ցույցեր մեկնարկեցին կառավարության շենքի, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան առջև։ Կառավարության շենքի մոտ բախումներ տեղի ունեցան, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։
Նախնական տվյալներով, ըստ Առողջապահության նախարարության, բախումների հետևանքով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարության դիմաց զանգվածային անկարգությունների կոչերի, կազմակերպելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ