Բայրամովը ԵԽ ու ԱՄՆ պաշտոնյաներին ներկայացրել է վերջին իրադարձությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում, որտեղ գումարվել է ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանը, հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում Թվիթեր):

«Ընգդծել եմ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման և խամաճիկ ռեժիմի լուծարման կարևորությունը»,- գրել է Բայրամովը։

Բայրամովը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ:

«Հանդիպման ընթացքում Քիմին տեղեկացրել եմ տարածաշրջանում վերջին իրադարձությունների և ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի սադրանքներին Ադրբեջանի ձեռնարկված միջոցառումների մասին»,- «X» սոցիալական ցանցում գրել է Բայրամովը:

Յուրի Քիմի հետ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսած ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։