Ներքին կայունության, սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ քրեաիրավական գնահատական. ՔԿ

Սեպտեմբերի 19-ին Երևանի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ։

«Նկատի ունենալով, որ լարվածության մեծ լիցքեր պարունակող հավաքը շարունակվում է՝ ՀՀ քննչական կոմիտեն հավաքը վարողներին, մասնակիցներին, զգուշացնում է, որ հանրապետությունում ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի, սահմանադրական և հասարակական կարգի դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական։ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ամբողջ ծավալով իրականացնելու է քրեական վարույթների շրջանակներում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձանց հայտնաբերելուն և քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իր գործառույթները», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «հատկապես հայրենիքի և պետականության համար լուրջ մարտահրավերներ պարունակող ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն, դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ պետականության հիմքերին հարվածող՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների մեջ ներգրավվելուց, տուրք չտալ բռնություններ իրականացնելուն ուղղված հրապարակային կոչերին, չտարածել առցանց հարթակներում հանցածին լուրջ պոտենցիալ ունեցող՝ ատելություն և թշնամանք գեներացնող բովանդակություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարության շենքի առջև բախումների հետևանքով տուժել են նաև ոստիկաններԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողություններիԿառավարության դիմաց զանգվածային անկարգությունների կոչերի, կազմակերպելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ