Երևանում բողոքի ցույցեր են։ Կառավարության շենքի մոտ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ այս պրոցեսների զուգահեռ քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց։
«Մեր պահանջն է դուրս գալ 2022-ի հոկտեմբերի 6-ի համաձայնությունից, այսինքն՝ պրահյան գործընթացից, երկրորդ՝ հրաժարվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետև դա պետական դավաճանություն է, երրորդ՝ կատարել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը համաձայն Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության, որով Հայաստանը պարտավոր է ապահովել Արցախի անվտանգությունը», - ասաց նա։
Որպես գործիք Հայաստանի ու Արցախի անվտանգության, ինչպես նշեց Թևանյանը, դիտարկում են Հայաստանում ամբողջական իշխանափոխությունը։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, և միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովում։ Մենք այս պայքարը որևէ կերպ չենք ուզում դադարեցնել, այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա հետևյալ ճանապարհը՝ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդ՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում», - նշեց նա։
Բազմաթիվ մարդիկ են հավաքվել նաև ՌԴ դեսպանատան մոտ, նրանք հայտարարում են, որ գործողություններ են պահանջում Արցախ խաղաղապահներ ուղարկած Մոսկվայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հայտարարում է Արցախում ընթացող ռազմական գործողություններին չմիջամտելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է 25 զոհի և 138 վիրավորի մասին