Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղան։ Միայն այս կերպ է հնարավոր հասնել կայուն խաղաղության»,-X-ում գրել է Գերմանիայի արտգործնախարարը։
Բերբոքն ընդգծել է՝ Գերմանիան աջակցում է ԵՄ-ի առաջնորդած բանակցություններին։
«Վերջին մի քանի օրերին ԵՄ-ի, ԱՄՆ-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ քննարկումներ են ընթանում դեէսկալացիայի շուրջ»,-նշել է Գերմանիայի արտգործնախարարը Նյու Յորքում խոսելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ապա հավելել, որ «Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»։
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է նաև, որ հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պաշտպանելն է։
«Դա նաև այնտեղ տեղակայված ռուս զինվորների խնդիրն է»,- ընդգծել է նա։