Ֆրանսիան մեծագույն վճռականությամբ դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, այդ թվում՝ բնակեցված գոտիների դեմ:
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր քաղաքացիական անձանց՝ արդեն իսկ տուժած ամիսներ շարունակված ապօրինի շրջափակումից, և հակասում է բանակցային կարգավորման հասնելու ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերին», - հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը: Պաշտոնական Փարիզը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի համար միակ պատասխանատուն է համարելու Ադրբեջանին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան պահանջում է հրատապ Խորհրդի նիստ հրավիրել, ասված է հայտարարությունում: Պաշտոնական Փարիզը նշում է, որ «սերտորեն համագործակցում է եվրոպացի և ամերիկացիների գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ