Բաքուն խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին «տեղեկացնում է իր գործողությունների մասին»

Բաքուն ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությանը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող ռազմական գործողությունների «առաջընթացի» մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

Վերջինիս խոսքով՝ «ադրբեջանական զինուժի հակաահաբեկչական միջոցառումները շարունակվում են»։

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:

Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։