Ադրբեջանի թիրախը և նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունն այս պահին կայուն է հարաբերականորեն, բայց ընդգծում եմ՝ այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողության մեջ ներքաշելն է», - նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ՀՀ-ը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ։
Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Հայաստանի վարչապետն ընդգծեց. - «Տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան:
«Մենք կարծում ենք, որ առաջինը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի»:
Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ 13֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ