Անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո Արցախի նախագահականը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցությունների։
«Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով», - հայտնում է Սամվել Շահրամանյանի գրասենյակը:
Պաշտոնական Ստեփանակերտը նաև կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Շեշտելով, որ Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ՝ Ստեփանակերտն Ադրբեջանի գործողությունները էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն է որակում, հումանիտար միջանցքի առաջարկն էլ մարդասիրության կեղծ օրակարգ համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մարդասիրական միջանցք է առաջարկում Արցախի բնակիչներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ