Մոսկվան կոչ է անում «հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։

Մարիա Զախարովան պնդել է, թե չնայած իրավիճակի սրմանը՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործառույթները։ Խաղաղապահ առաքելությունը, սակայն, մինչ այս պահը հրապարակավ չի արձագանքել Ադրբեջանի սկսած «հակաահաբեկչական գործողությանն» ու ինտենսիվ կրակահերթերին։

Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելուց հետո հայտարարեց, թե Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին տեղյակ է պահել «ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու տեղեկությունը ռուս խաղաղապահներին փոխանցվել է օպերացիայի մեկնարկից մի քանի րոպե առաջ:

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի հետ և դրա արդյունքների հիման վրա հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ», - այսօր ասել է Մարիա Զախարովան՝ հավելելով.- «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չհրահրել իրավիճակը»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարելի է հասնել՝ կյանքի կոչելով մինչ այդ համաձայնեցված և թղթի վրա դրված ճանապարհային քարտեզները:

«Փաստաթուղթը պետք է բալանսավորված լինի՝ հաշվի առնելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը», - նշել է Մարիա Զախարովան:

Միաժամանակ, Մոսկվան հայտարարում է, թե դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներից և չափորոշիչներից, ավելին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը պնդել է, թե այսօր այս մասին քննարկումը վնասակար է՝ չմանրամասնելով, թե ինչու։

«Այժմ պետք է կենտրոնանալ այն փաստաթղթերի վրա, որոնք արդեն ստորագրվել են», - հայտարարել է Զախարովան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ