29-ը սեպտեմբերի, 00:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված 186 զինծառայողների ցուցակ:
Նախօրեին Բաքուն հաղորդել էր ադրբեջանական կողմի193 զոհերի մասին, որոնցից 180-ը՝ պաշտպանության նախարարության զինծառայողներ, 12-ը՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, 1-ը՝ քաղաքացիական անձ: Ըստ այդ հաղորդագրության՝ ևս 511 զինծառայողներ և 1 քաղաքացիական անձ վիրավորվել են:
Մինչդեռ Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
22-ը սեպտեմբերի, 07:03
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը:
Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը:
Գրեթե բոլոր բանախոսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը:
Նրանք ի գիտություն ընդունեցին հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունեցին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը:
Բոլոր բանախոսներն ընդգծեցին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին պատմեց ռուս խաղաղապահների ծառայության մասին, նշելով, որ նրանց շարքերում կան զոհեր, իսկ խոսելով հարցի քաղաքական կողմի մասին, հիշեցրեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդեց, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը:
Նա նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»:
Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարեց Բայրամովին, խոսեց «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրեց, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունը հայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց:
21։00
«Արցախի հայերը բոլորիս պես հայ են». երթեր Երևանում
20։25
20։00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, հայտնում են կառավարությունից։
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
15։38
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, որոնք ամրագրված են միջազգային իրավունքով: Այս փաստաթղթի ամենակարևոր կետերից մեկը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքն է, երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այս սկզբունքին», - ընդգծել է Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև «հայտարարում է կողմերի՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։
14:54
Ադրբեջանական Meydan TV-ն հրապարակել է ադրբեջանական կորուստների մասին իրենց հայտնի դարձած տվյալները՝ անուն-ազգանուններով, ըստ կայքի՝ մինչ այժմ նույնականացվել է 80 ադրբեջանցի զինծառայողի մարմին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռ տեղեկատվություն չի տալիս կորուստների մասին։
10:42
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանել է Եվլախ, որտեղ մեկնարկում է հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հաղորդում են ադրբեջանական թելեգրամյան ալիքները, նաև կից տեսանյութ հրապարակում։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Եվլախում բանակցությունները Բաքվի կողմից վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը, ով Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։
Հանդիպմանն արցախյան կողմը ներկայացնում է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը: Պատվիրակության կազմում է նաև Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։
09:15
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովում իր ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած ժողովրդավարության ոլորտում Հայաստանում առկա մի շարք ձեռքբերումներին, ներկայիս տարածաշրջանային զարգացումների բերումով ստիպված է անդրադառնալ հայկական ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին:
«Սա երկրորդ անգամն է, որ ես ելույթ եմ ունենում այս կարևոր միջոցառմանը, և երկրորդ անգամը, որ ես ստիպված եմ խոսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին: Անցյալ տարի, մինչ մենք քննարկում էինք մեր ժողովրդավարական ուղու առջև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի ինքնիշխան տարածքն ագրեսիայի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: 120 հազար մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի վերահաս ոճրագործությունը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
Եզրափակելով իր ելույթը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է. - «Եթե մենք հիրավի ցանկանում ենք ապահովել ժողովրդավարության արդյունավետությունն ընդդեմ ավտորիտար պարտադրանքի, ժողովրդավարական աշխարհն իր ձեռքբերումները գովաբանելով հանդերձ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ժամանակին հասցեագրումը՝ նպատակ ունենալով կանխել հանցագործություններից ամենածանրը՝ ցեղասպանությունը, և Հարավային Կովկասում խթանել արդար և տևական խաղաղություն»:
21-ը սեպտեմբերի
Ամփոփում
- Սեպտեմբերի 19-ի առավոտյան Բաքուն Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
- Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը, և որ յուրային զորքերը համառ դիմադրություն են ցուցաբերում:
- Մինչև այս պահը Արցախից հաղորդել են առնվազն 200 զոհի, ավելի քան 400 վիրավորի մասին. սրանք նախնական տվյալներն են։
- Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, ըստ ՊԲ-ի, մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։
- Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի, սեպտեմբերի 20-ին հայտարարեց ԼՂ նախագահը։
- Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:
- Կրակն Արցախում դադարեց ժամը 15։00-ի սահմաններում։
- Բաքուն հայտարարել է՝ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է։ Վաղը նախատեսվում է հանդիպում։
- Ալիևը հայտարարում է՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
- Միրզոյանը՝ ՄԱԿ-ում. Միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու վերահաս ոճրագործությունը
- Եվլախում հանդիպում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Լուրերը՝ ստորև.
23:59
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ճանաչում ենք նրանց [Հայաստանի] տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը», - «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձում:
«Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա», - վստահեցրել է Ալիևը:
23:10
Կառավարության շենքի դիմաց այսօր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու» դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի («Զանգվածային անկարգություններին մասնակցելը») և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ») հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
22։59
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելով նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
X սոցիալական ցանցում Միրզոյանը գրել է, որ ընդգծել է՝ անհրաժեշտ է հրատապ միջազգային միջամտություն՝ կասեցնելու համար ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և ոճրագործությունները Լեռնային Ղարաբաղում։
«Պետք է կանխել Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը», - նշել է նա։
22:30
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ըստ հավաքագրած տվյալների, ադրբեջանական հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։
Արցախի օմբուդսմենը X-ում արած գրառմամբ հաղորդում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 10 զոհ, որոնցից 5-ը երեխա, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, նրանցից 13-ը երեխաներ են։
22:11
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան: Այս մասին «X»-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը, ես որոշել եմ տարածաշրջան ուղարկել Տոյվո Կլաարին: Նա կտեղեկացնի իրավիճակի մասին», - գրել է Բորելը:
21:37
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե երեկ մեկնարկած ու արդեն «հաջողությամբ ավարտված հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը:
Ալիևը հանդես է եկել ուղերձով՝ պնդելով, որ ամբողջությամբ ոչնչացվել է բանակի զգալի մասը, որը Հայաստանի կողմից ապօրինի տեղակայվել է ադրբեջանական տարածքներում և դեռևս դուրս չի բերվել՝ չնայած Երևանի պարտավորություններին։
20:40
Մոսկվան հաղորդում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հետ տեղի ունեցած ևս մեկ միջադեպի մասին։
«Սեպտեմբերի 19-ին, քաղաքացիական բնակչության ուղեկցման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահների շարասյունը ենթարկվել է գնդակոծության։ Դրա հետևանքով վնասվել է ռուսական խաղաղապահ զորախմբի 82А մակնիշի զրահամեքենան», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ այս միջադեպի հետևանքով զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
20։37
Դեռևս հայտնի չէ՝ Արցախի նախագահը կլինի ընդգրկված վաղը ադրբեջանական կողմի հետ կայանալիք բանակցությունների համար պատվիրակության կազմում։ «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ կազմը հստակեցված չէ։
20։35
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
20։32
Լեռնային Ղարաբաղում մեքենայի գնդակոծման հետևանքով ռուսաստանցի խաղաղապահներ են զոհվել։
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այս պահին միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով տեղում աշխատում են ռուսական և ադրբեջանական քննչական մարմինների ներկայացուցիչները։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը չի հայտնում զոհերի թիվը, ոչ էլ, թե հատկապես որ շրջանում է տեղի ունեցել միջադեպը։
20:30
18:22
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչը այսօր հրապարակված հայտարարությամբ կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունը։
«Խիստ կարևոր է, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն և ապահովվի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Կենսական են նաև հասանելիության այն երաշխիքները, որ պետք է տրամադրվեն տեղի տուժած բնակչությանն օժանդակող մարդասիրական և իրավապաշտպան կառույցներին», - նշում է Միյատովիչը։
Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ամիսներ շարունակ լիակատար շրջափակման մեջ էին գտնվում, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը արձանագրում է. - «Խորապես մտահոգված եմ տեսնելով, որ այդ մարդկանց անվտանգությունը կրկին վտանգված է, իրավունքները ոտնահարվում են՝ էլ ավելի խորացնելով նրանց տառապանքները»:
17:37
Կրակը Արցախում դադարել է։ Անկախ լրագրող Մարութ Վանյանի փոխանցմամբ՝ ռմբակոծությունները դադարել են ժամը 3 -ի սահմաներում։
«Հոսանք Ստեփանակերտում չկա։ Կապի խնդիր կա։ Քաղաքում այժմ անորոշություն է։ Մարդիկ չգիտեն՝ ինչ անել, ուր գնալ, մի մասը գնում է օդանավակայան», - «Ազատությանն» ասաց նա։
Մարութ Վանյանը նշեց՝ ինքը չի կարողացել գնալ՝ տրանսպորտ չկա, բայց նաև չի պատկերացնում՝ օդակայանում այդքան մեծ թվով մարդկանց ռուս խաղաղապահները ինչպես են ընդունելու։
16:02
Ստեփանակերտի օդանավակայանը հիմա
15:16
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում նանշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ են գտնվում, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը։
14:31
Բաքուն հայտարարում է, որ մինչև հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը Ադրբեջանի Զինված ուժերին հաջողվել է հայկական ավելի քան 90 մարտական դիրքերի, ինչպես նաև մի շարք ռազմավարական դիրքերի հանդեպ վերահսկողություն սահմանել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
Նրա խոսքով` վերջին 24 ժամերին՝ «ադրբեջանական ուժերին հաջողվել է որպես ռազմավար վերցնել յոթ ռազմական տրանսպորտային միջոց, չորս ականանետ, հետևակի երկու մարտական մեքենա և մեծաքանակ զենք»։
Անկախ աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատում:
14:26
Ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, հայտնել է ՌԴ ՊՆ։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ», - ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, «այդ պայմանավորվածությունները կիրականացվեն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված»:
Ադրբեջանական APA գործակալությունը ևս հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ցուցումներ է տվել զորքերին՝ «հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման հետ կապված»։
Չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի այս հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղից հայտնում են, որ կրակոցները չեն դադարել։
14:03
«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», - նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից քիչ առաջ տարածած հայտարարության մեջ։
«Քննարկվում է արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման հարցերը», - նշված է Ռուսաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ։
13։18
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
13։00
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:
12։58
«Ադրբեջանը մեծ պատերազմ է սկսել, որի ընթացքում [հայկական կողմը] մի քանի հարյուր վիրավոր ունի և շուրջ 100 զոհ», - նա այսօր Reuters-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղի ունեցողը Վարդանյանն «էթնիկ զտում» է որակել։
«Ադրբեջանցիներն ասում են, որ մենք պետք է հեռանանք, նրանք չեն ասում մնացեք կամ ընդունեք, որ այս տարածքն Ադրբեջանի մաս է։ Սա էթնիկ զտման տիպիկ գործողություն է, որի ընթացքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել», - նշել է Վարդանյանը։
12։35
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները։
«Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում ներգրավված բոլոր կողմերին և միջազգային հանրությանը՝ վայր դնել զենքերը և ջանք չխնայել խաղաղ լուծման հասնելու համար»՝ - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանցիսկոսը այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում, հավատացյալների ամենշաբաթյա ընդունելության ընթացքում։
12։25
Տեսանյութը արցախցի անկախ լրագրող Մարութ Վանյանի X-ի էջից
12։23
«Հայ-ամերիկյան համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կավարտվեն ինչպես և նախատեսված էր՝ սեպտեմբերի 20-ին», - Reuters-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական գործողությունները որևէ կերպ չեն ազդել զորախաղերի բնականոն ընթացքի վրա։
«Մենք տեղյակ ենք, որ [Ադրբեջանը] գործողություններ է իրականացնում, սակայն, մեր գնահատմամբ, մեր զինվորականներին որևէ վտանգ այս պահին չի սպառնում, ուստի նրանք այնտեղ կմնան զորավարժությունների համար նախատեսված ողջ ժամանակահատվածում», - նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։
12։14
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ վերջին 24 ժամերին «ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարտիկները Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների են տարհանել, նրանց կեսից ավելին՝ 1049-ը, երեխաներ են»։
Այս մասին նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Թե ուր են տարհանվում արցախցիները, հաղորդագրությունը չի հստակեցնում:
11։00
Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,հայտարարում է Ստեփանակերտը՝ տեղեկացնելով, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
«Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ», - ասված է հայտարարությունում:
10։45
Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ շեշտելով՝ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում։
Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Արցախի նախագահականի չի մանրամասնում։
10։39
«Ուզում էին էրեխեքին հանել գյուղից , կրակեցին ռուսների ուրալների վրա». Մեծ Շենի բուժքույր
10։34
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին։
Ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ դատարանին ծանուցվել է առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։
10:21
Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսության գնալ։
«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ագրեսիան ու Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ասվում է երկրի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Պաշտոնական Տոկիոն կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին երկխոսության գնալ՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
10:19
Կառավարության շենքի դիմաց երեկ տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Ֆեյսբուքում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ կատարելու համար օգտատերեր Անի Կարապետյանին, «Tatevik VIrabyan»-ին և Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ընդգծելով, որ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեքի դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ նույն հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ (ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։
Ըստ քննչականի՝ միջոցներ են ձեռնարկվում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
09։48
«Ռումբի ձայնի տակ ծնված երեխաները թող սրանից հետո ռումբի ձայներ չլսեն». ծնունդներ՝ նկուղում
09:47
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրացումից հետո Լեռնային Ղարաբաղում զոհերի մասին տեղեկությունների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի մասին տեղեկություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասվում է նրա գրասենյակի հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը կտրուկ ձևով կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դեէսկալացնել իրավիճակը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարը», - նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Գուտերեշն «անհանգստացած է տեղում հումանիտար իրավիճակով» և կողմերին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կարիքավորներին մարդասիրական օգնության հասանելիությունը դյուրացնելու համար։
09:31
Սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրներն են եղել նույն օրը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հանդիպման առանցքում:
ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
09:07
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, ժամը 9-ին հաղորդեց Արցախի պաշտպանության բանակը:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:
08:30
Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։
«Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», - ասված է երկրի արտգործնախարար Մելանի Ջոլիի (ֆրանսերեն՝ Ժոլի) երեկ հրապարակած հայտարարությունում:
Բացի այդ, Օտտավան «կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը», և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար»։
Ջոլին ընդգծում է, որ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։
08:20
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում, գրել է Գեղամ Ստեփանյանը։
Իսկ նույն ժամի դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ, տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
08:23
08:20
Այսօր առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով՝ վիրավորվել է շտապօգնության վարորդը։
«Միջազգային հանրությունը ՊԵՏՔ Է անհապաղ և հրատապ գործողություններ ձեռնարկի մարդկության դեմ հերթական հանցագործությունը կասեցնելու համար», - գրել է Ստեփանյանը՝ տեղի ունեցողը որակելով էթնիկ զտումներ և ցեղասպանություն, որոնք Ադրբեջանը իրականացնում է օրը ցերեկով։
02։31
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։
Մինչդեռ ըստ Բաքվի հաղորդագրության՝ Ալիևը Բլինքենի հետ զրույցում ռազմական գործողությունները դադարեցնելու պայման է դրել, որ հայերը վայր դնեն զենքն ու հանձնվեն։
Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։
Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
01:38
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խստորեն դատապարում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը:
«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության հարցով քննարկումները», - հայտարարել է Մակրոնը՝ տեղեկացնելով նաև, որ սերտ կապի մեջ է վարչապետ Փաշինյանի հետ:
01։24
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը, «Ազատության» հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
00։50
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը, Նյու Յուրքում հանդիպելով Իրանի արտգործնախարարին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղու վրա», - Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է Միրզոյանը։
00:41
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանի սկսած ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ, և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, հաղորդում է Արտգործնախարարությունը։
«Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը», - նշում է ԱԳՆ-ն։
00:40
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը նշում է, որ նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է։
00:37
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում, որտեղ գումարվել է ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանը, հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում Թվիթեր):
«Ընդգծել եմ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման և խամաճիկ ռեժիմի լուծարման կարևորությունը»,- գրել է Բայրամովը։
Բայրամովը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ:
«Հանդիպման ընթացքում Քիմին տեղեկացրել եմ տարածաշրջանում վերջին իրադարձությունների և ի պատասխան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերի սադրանքներին Ադրբեջանի ձեռնարկված միջոցառումների մասին»,- «X» սոցիալական ցանցում գրել է Բայրամովը:
00:36
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է. - «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում»:
00։16
X-ի իր էջում էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։
00։15
Ժամը 22:30-ի դրությամբ, Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։
Ըստ Ստեփանյանի՝ տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Պաշտպանը նշում է, որ վերոնշյալ թվերի մեջ ընդգրկված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ հաստատությունների հետ դեռ կապ չի հաստատվել։
20-ը սեպտեմբերի, 00:03
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, հայտնում է Պաշտպանության բանակը՝ նշելով ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
Արցախի պաշտպանության բանակը, ըստ հաղորդագրության, համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
23:36
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
22:48
Թեհրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, միաժամանակ կոչ անում տարածաշրջանի խնդիրները լուծել երկխոսության միջոցով, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ խնդիրները, այդ թվում՝ իր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով», - ասվում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքում։
ԻԻՀ ԱԳՆ-ը կրկին առաջարկել է «երեք գումարած երեք» ձևաչափով հանդիպում անցկացնել՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի արտործնախարարների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հանդիպումից այլ մանրամասները չեն հաղորդվել։
22:34
22:29
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
«Հանդիպումը պետք է տեղի ունենա հինգշաբթի օրը»,- այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է մի աղբյուր ՄԱԿ-ում:
Ենթադրվում է, որ նիստը կգումարվի տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով մոտ 20:00), ասել է գործակալության զրուցակիցը։
Հիմա ՄԱԿ-ում ընթանում է Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը, որտեղ մեկնարկել է բարձր մակարդակի շաբաթը։
Նյու Յորքում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:
22:28
Երևանում բողոքի ցույցեր են։ Կառավարության շենքի մոտ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ այս պրոցեսների զուգահեռ քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց։
«Մեր պահանջն է դուրս գալ 2022-ի հոկտեմբերի 6-ի համաձայնությունից, այսինքն՝ պրահյան գործընթացից, երկրորդ՝ հրաժարվել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետև դա պետական դավաճանություն է, երրորդ՝ կատարել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը համաձայն Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության, որով Հայաստանը պարտավոր է ապահովել Արցախի անվտանգությունը», - ասաց նա։
Որպես գործիք Հայաստանի ու Արցախի անվտանգության, ինչպես նշեց Թևանյանը, դիտարկում են Հայաստանում ամբողջական իշխանափոխությունը։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, և միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովում։ Մենք այս պայքարը որևէ կերպ չենք ուզում դադարեցնել, այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա հետևյալ ճանապարհը՝ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդ՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում», - նշեց նա։
Բազմաթիվ մարդիկ են հավաքվել նաև ՌԴ դեսպանատան մոտ, նրանք հայտարարում են, որ գործողություններ են պահանջում Արցախ խաղաղապահներ ուղարկած Մոսկվայից։
22:24
«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար», - X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Միացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ», - ընդգծում է բրիտանացի նախարարը:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը սեպտեմբերի 19-ի երեկոյան կայացած բրիֆինգում ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղում վերահսկողության տակ են վերցրել հայկական ուժերի ավելի քան 60 մարտական դիրքեր։
Նրա ասելով՝ ռազմական գործողության ընթացքում մինչև երկու տասնյակ ռազմական մեքենաներ են ոչնչացվել, ավելի քան 40 հրետանային համակարգ, երեք տասնյակ ակնանանետ, երկու զենիթա-հրթիռային համակարգ ու 6 ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
Ռազմական գործողությունների պայմաններում նրա հայտնած տվյալների արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցությունների։
«Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս գտնվում են ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Մեզ համար բացարձակապես ակնհայտ է, որ հակամարտության այդ վերջին դրվագը պետք է անհապաղ դադարեցվի։ Մենք հանդես ենք գալիս դիվանագիտական բանակցություններին վերադառնալու օգտին, անկեղծորեն փորձելով բոլոր առկա խնդիրների համար գտնել խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում՝ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այնպես էլ Ադրբեջանի ներսում»,- ասել է Շոլցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր դեբատներում, ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։
«Դա արդեն ընդունում են բոլորը և այլ կարգավիճակ պարտադրելը մենք չենք ընդունի։ Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի ձեռնարկած քայլերը և գնում ենք միասին «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով՝ պաշտպանելով մեր տարածքային ամբողջականությունը», - նշել է Էրդողանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական հնարավորությունից Ղարաբաղում։
«Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 20-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են», - X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
«Ժամը 21-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը՝ քաղաքացիական անձ», - փոխանցում է Գեղամ Ստեփանյանը։
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը:
«Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտոնական Ստեփանակերտը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։
«Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից ստեղծված և Հայաստանի աջակցությունը վայելող ապօրինի ռեժիմի՝ «բանակցություններ սկսելու» կոչի կապակցությամբ, Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարում է մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպելու պատրաստակամության մասին», - ասվում է տեքստում։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ-ն։
Դեսպաններին ներկայացվել են մանրամասներ, նշվել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր:
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ Ստեփանակերտի հաղորդման՝ ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են:
19:40
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապալովը ասել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում զենք կիրառելու իրավունք չունի։
«Քանի դեռ ռուսական խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցի փոխանցմամբ` ասել է Կարտապալովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում։
19:31
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրություններով։
19։00
Հակառակ դեպքում Բաքուն սպառնում է «հակաահաբեկչական միջոցառումները» շարունակել մինչև վերջ։
18:30
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության փոխանցմամբ,հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բորելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։
«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական էսկալացիան պետք չէ որպես պատրվակ օգտագործել՝ ստիպելու տեղի բնակչությանը զանգվածային ելից իրականացնել։ Բռնությունը պետք է դադարեցնել, որպեսզի ստեղծվի խաղաղության, ինչպես նաև կարգավորմանն ուղղված բանակցությունների համար բարենպաստ միջավայր։ Հարկավոր է ապահովել բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունն՝ աշխատելու բանակցված արդյունքի ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է երկխոսությանն աջակցելու ուղղությամբ իր լիարժեք ներգրավվածությունը», - ասված է հաղորդագրությունում:
Ժոզեպ Բորելը նշել է նաև, որ ԵՄ-ը ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։
18:22
18:20
Մոսկվան կրկին շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հենքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված եռակողմ հայտարարություններն են։
«Մենք առայժմ կենտրոնանում ենք դրանց վրա», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Անկարայի առաջարկը։
«Փաստն այն է, որ կա բավականին կուռ և իրագործելի հիմք՝ եռակողմ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի հիման վրա պետք է համաձայնություն ձեռք բերվի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու համար»,- ընդգծել է Պուտինի խոսնակը։
18:06
Բաքուն պնդում է, որ Արցախի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շուշիում քաղաքացիական անձ է մահացել։
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ զոհը 1967 թվականին ծնված Ֆարհադով Վիդադին է, որը Շուշի քաղաքի բնակարանային, կոմունալ ծառայության ինժեներն է։
18:02
Կրեմլը չի հաստատում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Բաքուն այդ մասին տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացվել ենք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մինչդեռ, նույն հարցին ի պատասխան ասել էր, թե ՌԴ-ն տեղեկացվել է, միայն թե դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից «րոպեներ առաջ»։
Բաքուն հայտարարում է, որ իր «հակաահաբեկչական գործողությունները» Լեռնային Ղարաբաղում մոտ են իրականացմանը, այս մասին թուրքական TRT հեռուստաընկերության զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հաղորդում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Մեր կողմից ավելի վաղ տեղորոշված ռազմական թիրախներն արդեն վնասազերծված են։ Հաջորդիվ, ինչպես նախատեսվել է, գործողությունները կշարունակվեն նպատակային՝ ավելի սահմանափակ ծավալով», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևը «X»-ում արած գրառմամբ Արցախի իշխանություններից պահանջել է ինքնալուծարվել և զինաթափվել։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ծագումով քաղաքացիական անձանց իրավունքները և անվտանգությունը ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Լուծարվե՛ք և զինաթափվե՛ք»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան:
17:40
Ֆրանսիան մեծագույն վճռականությամբ դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողության սանձազերծումը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, այդ թվում՝ բնակեցված գոտիների դեմ:
«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր քաղաքացիական անձանց՝ արդեն տուժած ամիսներ շարունակված ապօրինի շրջափակումից, և հակասում է բանակցային կարգավորման հասնելու ուղղությամբ միջազգային հանրության գործադրադ ջանքերին», - հայտարարում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան պահանջում է հրատապ Խորհրդի նիստ հրավիրել, ասված է հայտարարությունում: Պաշտոնական Փարիզը նշում է, որ «սերտորեն համագործակցում է եվրոպացի և ամերիկացիների գործընկերների հետ, որպեսզի ուժեղ պատասխան տրվի այս անընդունելի հարձակմանը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:
17։34
Կրակի ինտենսիվությունը շփման գծում այս պահի դրությամբ էականորեն նվազել է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
17:30
«Վիճակն օրհասական է». արցախցի ուսանողները բողոքի ցույց են անում Կառավարության շենքի առջև
17:17
Բաքուն ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությանը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող ռազմական գործողությունների «առաջընթացի» մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
Վերջինիս խոսքով՝ «ադրբեջանական զինուժի հակաահաբեկչական միջոցառումները շարունակվում են»։
17:06
Ադրբեջանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը. լրագրող Սիրանուշ Սարգսյանի կադրերը Ստեփանակերտից.
17։03
Բաքուն արգելափակեց TikTok սոցիալական ցանցը, հայտարարել է Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։
Պատճառների մասին գերատեսչությունը չի հայտնում։
16:50
Ադրբեջանի թիրախը և նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունն այս պահին կայուն է հարաբերականորեն, բայց ընդգծում եմ՝ այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողության մեջ ներքաշելն է», - նշեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն ընդգծեց. - «Տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանը այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու ցանաքային օպերացիան:
«Մենք կարծում ենք, որ առաջինը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի»:
16:49
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով՝ ձեռնարկելով նաև դիրքային առաջխաղացման փորձեր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
16:48
«Տրաքոցը, ծոխը, մթենը, սևը նիկալավ». Ստեփանակերտի բնակելի թաղամասերը՝ կրակի տակ
16:47
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին այսօր Նյու Յորքում հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, այս մասին պաշտոնյան տեղեկացրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Եվս մեկ անգամ կոչ կանեմ շարունակել դիվանագիտական աշխատանքը շփումներն ու ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ», - նշել է Օսմանին
«Խորապես անհանգստացած եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողությունների և դրա հետ կապված քաղաքացիական անձանց համար վտանգի կապակցությամ: Կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է առաջնահերթություն լինեն»,- հայտարարել է Օսմանին:
16։41
Պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
«Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով», - հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը:
Սամվել Շահրամանյանն այսօր շտապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկվել են ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
16։40
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմում է աշխարհին։
16:35
Եվրամիության խորհրդի նախագահ, հայ - ադրբեջանական բանակցությունների միջնորդ Շառլ Միշելն Ալիևի վարչակազմին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Ստեփանակերտի հետ երկխոսություն սկսել:
«Սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից, Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն ապահովվի», - X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Եվրամիության խորհրդի նախագահը:
16:15
Քաղաքացիների շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։
Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։
16:10
Ադրբեջանը շարունակում է Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները՝ բռնի ուժով ստիպելով 120 հազար բնակչությանը լքել իրենց տունը, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ X-ում գրել է, որ ականատեսն են, թե ինչպես է Ադրբեջանն իր ցեղասպանության քաղաքականությունն իրականացնելու համար շարժվում դեպի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման, Արցախի քաղաքացիական օբյեկտների վերացման»։
Կից Ղազարյանը տեսանյութ է հրապարակել․
16:07
Կռիվ է, վիրավորներ կան, «Ազատությանը» հայտնեց Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
15:51
Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:
«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր», - ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով։
Հայաստանի արտգործնախարարությունն ընդգծում է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հավելել է, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։
15:50
Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու տեղեկությունը ռուս խաղաղապահներին փոխանցվել է օպերացիայի մեկնարկից մի քանի րոպե առաջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե «հակաահաբեկչական գործողությունների» մասին տեղյակ է պահել ռուս խաղաղապահներին ու հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։
15:45
Սեպտեմբերի 19֊ին ժամը 13֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանության խորքը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
«Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի ՊՆ-ը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ։
15։42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ:
Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները, հաղորդում է Հայաստանի անվտանգության խորհուրդը։
15:24
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և լրատվամիջոցներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղում առկա են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - նշված է հաղորդագրությունում:
15:11
Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։
Մարիա Զախարովան պնդել է, թե չնայած իրավիճակի սրմանը՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց գործառույթները։ Խաղաղապահ առաքելությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի սկսած «հակաահաբեկչական գործողությանն ու ինտենսիվ կրակահերթերին»։
15:10
Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում են նաև քաղաքացիական համայնքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։
Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում», - նշել է Արցախի օմբուդսմենը։
15:08
«Ողբերգական հաղորդագրություններ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Այնուհանդերձ, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը», - գրում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:
«Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ընձեռելու համար, որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ», - ընդգծում է եվրոպացի դիվանագետը:
15։00
Բաքուն հայտարարել է, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։
Ղարաբաղի դեմ «հակաահաբեկչական» գործողոթյունների մեկնարկից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «ի պատասխան հայկական կողմի, սադրանքների, գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ ադրբեջանական բանակը թիրախավորում է հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։
14։45
«Բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Կանանց, երեխաներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և հիվանդներին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կտրամադրվի խմելու ջուր և սնունդ»,- հայտարարել է Բաքուն՝ հավելելով․ - «Վտանգի գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։
14:30
14:15
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է։
13:30
Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել, Ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
«Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են», - գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Կրակոցների մասին «Ազատությանը» փոխանցեց նաև արցախցի անկախ լրագրող Մարութ Վանյանը։
«Այս պահին պայթյունի ձայներ են Ստեփանակերտում լսվում, երեխեքը, ծնողները․․․ ճիչերով րոպե առաջ իջել ենք, նկուղում ենք։ Շուշիի կողմից, իմ պատշգամբից տարբեր կողմերից պայթյունի ձայներ եմ լսում, առաջին պայթյունների ձայները շատ մոտիկից էին լսվում, ձայները չեն դադարում։ Ուժեղ հրետանի է աշխատում, անդադար կրակոցներ են», - ասաց Վանյանը՝ նշելով, որ Ստեփանակերտում օդային տագնապ է միացել։
Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ էլ «Ազատությանը» փոխանցեց, որ Շուշիի կողմից դեպի Ստեփանակերտ են խփում, իր երեխեքը մանկապարտեզում են, ինքն էլ մնացել է ճանապահին կանգնած։
«Պատերազմ է, ավելի ահավոր պատերազմ քան՝ սեպտեբերի 27-ին»
Պատերազմ է, ավելի ահավոր պատերազմ քան՝ սեպտեբերի 27-ին, «Ազատությանը» փոխանցեց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Ամբողջ Ստեփանակերտը ռմբակոծում են՝ բոլոր կողմերից, մարդիկ իրենց երեխեքին կոցրել են, երեխեքը՝ իրենց ծնողներին, սարսափելի վիճակ է, մի կաթիլ բենզին չկա, որ գնան գտնեն երեխաներին», - ասաց պատգամավորը։
«Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը»
«Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը, X-ում գրել է Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ», - եզրափակել է Բեգլարյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Բաքուն հայտարարում է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսկում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսկում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը»։
«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։
Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին ուղարկվել են SMS հաղորդագրություններ՝ նախազգուշացնելով հակաահաբեկչական գործողությունների մասին։
«Հաղորդագրություններում հայերին հորդորվում էր հեռու մնալ ռազմական օբյեկտներից», - ասել է Հաջիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հաղորդում է դիվերսիայի հետևանքով 6 զոհի մասին, Ստեփանակերտը հերքում է մեղադրանքները