Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Բաքվի պնդումները, թե Արցախի պաշտպանական բանակը դիվերսիոն գործողություններ է իրականացրել, որի հետևանքով այսօր տեղի ունեցած 2 տարբեր պայթյուններից 6 ադրբեջանցի է զոհվել։
Ադրբեջանը առավոտյան հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքեր էին անում։
Մի քանի ժամ անց Բաքուն հաղորդեց մեկ այլ պայթյունի մասին, այս անգամ էլ պնդելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ, ովքեր «ԿամԱզ»-ով Թաղավարդ գյուղի ճանապարհով ուղևորվում էին ավելի վաղ տեղի ունեցած պայթյունի վայր։ Իբր ասվածի ապացույց, ադրբեջանական կողմը պայթյունից մասնատված անձանց լուսանկարներ է հրապարակել։
Այս երկու դեպքերով էլ Բաքուն արդեն հարուցել է քրեական գործեր՝ ահաբեկչության, կանխամատծված սպանությունների և մի շարք այլ հոդվածներով։
Չուշացավ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը։ Պաշտոնական Բաքուն պնդեց, թե տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմի նպատակը ահաբեկչությունն է»։ Ադրբեջանը նաև պնդում է, որ այս «սադրանքների միջոցով փորձ է արվում խոչընդոտել շինարակական աշխատանքներն ու այդ տարածքներ խաղաղ բնակչությանն վերադարձը»։
«Դիվերսիայի մասին Բաքվի մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն»
Արցախի նախագահի նախկին խորհրդական, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակացության քարտուղար Տիգրան Աբրահամյանն մինչդեռ նշում է՝ դիվերսիայի մասին Բաքվի մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ադրբեջանն ընդամենը տեղեկատվական այս արշավի միջոցով փորձում է արադարացնել Արցախում իրականացվելիք հնարավոր ռազմական գործողությունները։
Բաքվի կողմի հաղորդած պայթյուններից ժամեր անց իրավիճակը լարվեց Աղդամի շրջանում։ Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը ակնանանետ է կիրառել Ասկերանի հատվածում։ Բաքուն իր հերթին հրադադարի խախտման համար մեղադրելով արցախյան կողմին՝ հաղորդեց 2 վիրավորի մասին։