Եկել է առաջնահերթությունները իրականացնելու ժամանակը՝ Շառլ Միշելը Ղարիբաշվիլիին

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Հանդիպումից հետո Միշելը X (Twitter) սոցցանցում գրառում է կատարել՝ վերահաստատելով Եվրամիության հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարին։

«Եկել է անհրաժեշտ առաջնահերթությունների կոնկրետ իրականացման ժամանակը, որպեսզի ապաշրջափակվի թեկնածուի կարգավիճակը»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ղարիբաշվիլին իր հերթին հաստատել է Վրաստանի հանձնառությունը՝ իրականացնելու Եվրահանձնաժողովի ներկայացրած բոլոր առաջնահերթությունները։

Անցած տարի ամռանը ԵՄ-ն Ուկրաինային ու Մոլդովային անդամակցության թեկնածու երկրների կարգավիճակ շնորհեց, իսկ Վրաստանին՝ ոչ։

Վրաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դարեկ Շոլի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դռները բաց են Վրաստանի առջև. Ժոզեպ Բորել