Միրզոյանն իր պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում իր պաշտոնակիցների հետ։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ զրույցում Միրզոյանը գոհունակությամբ է նշել Ֆինլանդիայի ներկայացվածությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության կազմում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները, փոխանցում են ԱԳՆ-ից:

Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունըը: Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգեկափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: