Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են, հայտարարել է նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին։
«Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,- ասել է նա աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Այս խորհրդակցության ժամանակ Սամվել Շահրամանյանը կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Շահրամանյանն ասել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և եղած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ: