Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանը «պատրաստ է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ ադրբեջանական օրենսդրության պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը նշել է, որ այսօր, դիմելով ադրբեջանական կողմին, ԿԽՄԿ-ն նախնական տեղեկություն է տրամադրել, որ հայկական կողմը համաձայնել է երկու ճանապարհներից բեռների զուգահեռ ընդունմանը սեպտեմբերի 18-ին։
«Ակնկալվում է, որ մոտ ապագայում ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,- ասել է Հաջիզադեն։
Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ հայտնեց, որ համաձայնել է Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց՝ ընդունել են Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը համաձայնեց Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը