Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ ժամը 20-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը պաշտպանի աջակցությամբ ստացել են դրական լուծում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում եղած 1586 հրապարակում։
Ըստ հաղորդագրության՝ այդ խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ընտրություններ անցկացվեցին. քվեարկել է ընտրողների 28,46 տոկոսը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկախ դիտորդը» հաղորդում է տարբեր խախտումների, նաև «տասովշչիկների» ուղղորդումների մասին