«Գլխավոր վտանգը Ղարաբաղում մնացող 10 հազար հայ զինյալներն են». Բայրամով

«Տարածաշրջանի համար գլխավոր վտանգը Ղարաբաղում մնացող 10 հազար հայ զինյալներն են, որոնց հարկավոր է դուրս բերել Ադրբեջանի տարածքից», - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով նաև, որ Բայրամովը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը «շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 2-ին [Լեռնային Ղարաբաղի] այսպես կոչված վարչակազմին ուղղված շնորհավորանքները ամբողջությամբ հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի տարածաշրջանի հանդեպ ադրբեջանական ինքնիշխանությունը ճանաչելու մասին նրա նախորդ հայտարարություններին», - նշել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ վարչապետը ուղերձ էր հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով՝ նշելով. - «Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»:

Իսկ հարցազրույցի ժամանակ հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. - «Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք՝ նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ, իր հերթին, արդեն հերքել է ադրբեջանական կողմի նոյնաբովանդակ նախորդ մեղադրանքները՝ ասելով, որ Բաքուն է տորպեդահարում խաղաղության գործընթացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարձակումներ գործելով՝ Ադրբեջանը փորձ է անում Հայաստանին ինչ-որ բաներ պարտադրել. ԱԺ նախագահ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոկտեմբերի 5-ին Գրանադայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. «Պետք  է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը»