Չենք տեսնում, որ Բաքվի կողմից Ստեփանակերտի հետ երկխոսության ցանկությունը լիարժեք արտահայտվում է. Փաշինյան

Հայաստանի վարչապետը շարունակում է Ստեփանակերտին հորդորել ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ։ Նույն հորդորը նա ուղղում է Բաքվին։

Լրագրողների հարցին, թե արդյոք որևէ տեղաշարժ կա միջազգային մեխանիզմի գործարկմամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարցում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Ես գիտեմ, որ միջազգային գործընկերներն ինտենսիվ աշխատում են այդ թեմաների վրա, և նաև դա է պատճառը, որ ես կարծում եմ և էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ»։

«Իհարկե, հորդորը ուղղված է նաև Բաքվին, որովհետև հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա, և ցավոք, այնպես չի, որ մենք տեսնում ենք, որ ահա օրինակ` Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է», - ասաց նա։

Ըստ ՀՀ ղեկավարի՝ պաշտոնական մակարդակում է այդ ցանկությունն արտահայտվում։

«Բայց երբ մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և ես փորձել եմ հասկանալ այդ թվում՝ մեղադրանքները Ստեփանակերտին ուղղված, որ նրանք են ձախողել, նրանք են տապալել հանդիպումը, և փորձել եմ գործնական մանրամասներով հասկանալ, տեսել եմ, որ ես վստահ չեմ, որ Բաքվում բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու», - հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ նաև իրավիճակը սահմանին մնում է լարված։ Նա նշեց, որ իրադրության գնահատականը չի փոխվել կառավարության նախորդ նիստից ի վեր, որտեղ, մասնավորապես, ասել էր, որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։