Լիբիան պատուհասած «Դանիել» փոթորկի հետևանքով երկրի արևելքում գտնվող Դերնա քաղաքում զոհերի թիվը հասել է 11 հազար 300-ի: Ավելի քան 10 հազար մարդ այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած: Այդ մասին Associated Press-ին հաղորդել է Լիբիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը:
Լիբիայի իշխանությունները Դերնայից տարհանել են մնացած բոլոր բնակիչներին և փակել են քաղաքը բոլորի համար:
Միայն փրկարարների խմբերը և իրավապահները կարող են մուտք գործել Դերնա, որտեղ հիմա մաքրում են ցեխը, ավերված շենքերը և հավաքում են զոհերի դիակները:
Հայտնաբերված մարմինները թաղվում են Դերնայից դուրս գտնվող զանգվածային գերեզմաններում:
Դերնայում աղետը տեղի է ունեցել այս շաբաթասկզբին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևների և դրանց հաջորդած հեղեղների հետևանքով փլուզվել են երկու ամբարտակները:
Լիբիայում ներքաղաքական արյունալի հակամարտության մեջ ներքաշված և իշխանությունը ստանձնելու մասին պնդող երկու կողմերը կոչ են արել գլխավոր դատախազին հետաքննություն սկսել ողբերգության պատճառների վերաբերյալ։
Երկու կողմերն էլ պնդում են, որ պատկան կառույցներն անտեսել են ամբարտակների վթարային վիճակը և դրանք ամրապնդելու միջոցներ չեն ձեռնարկել: