Պիստորիուսը հերքում է Ուկրաինային Taurus հրթիռների տրամադրումը միտումնավոր ձգձգելու պնդումները

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Ուկրաինային զենք տրամադրող խմբի հավաքում, Ռամշտայնի ռազմակայան, 21 ապրիլի, 2023թ.

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է պնդումները, թե կանցլեր Օլաֆ Շոլցը ձգձգում է Կիևին Taurus տեսակի թևավոր հրթիռների մատակարարումը: Նա չի բացառել, որ հարցը կլուծվի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Դա վստահության խնդիր չէ, այլ երաշխիքների, որ հրթիռները չեն ուղղվի բուն ռուսական տարածքի վրա: Մենք՝ կանցլերը, ես և մեր կաբինետի մյուս անդամները, պարտավորվել ենք կանխել Գերմանիայի ժողովրդին սպառնացող վտանգները, դա մեր խնդիրն է»,- ասել է Պիստորիուսը Մյունսթերում Վեստֆալիայի խաղաղության կնքման 375-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

Նա հավատացրել է, որ Գերմանիան ցանկանում է ըստ ամենայնի աջակցել Ուկրաինային, և եթե Taurus-ների վերաբերյալ որոշում կայացվի առաջիկա մեկ-երկու շաբաթում, ապա այն անպայման կիրագործվի:

«Նա [կանցլեր Շոլցը] չի տատանվում, ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է ծանրութեթև անել, մտածել հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և ավելացրել, թե չի կարելի մոռանալ, որ «խոսքն այսօրվա դրությամբ առաքվածներից ամենահեռահար հրթիռների մասին է», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է Ուկրաինային զենք տրամադրելու համար, պնդելով, թե դա միայն նպաստում է հակամարտության շարունակմանը: Ըստ Մոսկվայի, այդ մատակարարումներով Արևմուտքը դառնում է ռազմական առճակատման անմիջական մասնակից: