Պապիկյանը սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերի մասին տվյալներ է ներկայացրել ռուս զինվորականներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

«Ընդգծել եմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը», - հանդիպման մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նախարար Պապիկյանը:

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ ռուսաստանցի զինվորականներին ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:

Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն ու ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը Երևան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարին։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով, կառավարության այսօրվա նիստին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։