Մեզ ավելի շատ հետաքրքրում է, ոչ թե այն, թե ինչ է արել Ռուսաստանը, այլ թե ինչ է արել մեր իշխանությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ քննադատելով իշխանություններին երկրի «սուբյեկտայնությունը շրիշակից ցածր մակարդակի» հասցնելու համար։
Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է իր բնական և ռազմավարական դաշնակիցների հետ այնպիսի փոխվստահելի հարաբերություն ձևավորի, որ կարողանա բալանսավորել Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ դա, ըստ Թևանյանի, հնարավոր է Իրանի և Ռուսաստանի միջոցով։
«Ազատություն»․ - Դուք Կրեմլի հասցեին թթու խոսք չեք ասում, նրանց աչքի առջև ադրբեջանցիները հասան Խծաբերդ, Փառուխ, Լաչինում անցակետ դրեցին, նրանք որպես դաշնակից չաջակցեցին, երբ ադրբեջանցիների զորքերը Ջերմուկի մատույցներում էին, Սոթքին էին մոտենում և դուք չեք քննադատել Ռուսաստանին, թե ինչո՞ւ դաշնակցային պարտավորություններդ չես կատարում։
Թևանյան․ - Մենք քննադատում ենք, առաջին հերթին, դրա պատճառները՝ դու ինքդ քո տանը պետք է հարցերը լուծես։ Եթե Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, դրանով իսկ հնարավորություն է տալիս Լաչինի միջանցքը փակելու, մենք առաջին հերթին պետք է քննադատենք Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Ռուսաստանին, որը նոյեմբերի 9-ով պետք է վերահսկեր Լաչինի միջանցքը։
«Ազատություն»․ - Ծանո՞թ չեք Արտգործնախարարության հայտարարությունը, որ Ռուսաստանն ինքն է ժամանակին և բազմիցս ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս և դա չի խանգարել նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել։
Թևանյան․ - Ռուսաստանը, թե ինչ է արել, մյուսները ինչ են արել, մեզ պետք է ավելի քիչ հետաքրքրի, քան այն, թե մեր իշխանությունն ինչ է արել։
«Ազատություն»․ - Բայց դուք շտապել էիք փոխարենը հայ-ամերիկյան զորավարժությունները քննադատել։
Թևանյան․ - Ճիշտ ենք արել։
«Ազատություն»․ - Պարոն Թևանյան, դրանք խաղաղապահ բնույթի են, պարբերաբար անցկացվել են, արտառոց որևէ բան չկա։ Այսօր հատուկ կրկին կարծես ջուր լցնեք էդ ջրաղացին։
Թևանյան․ - 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը բավական թուլացել է և ի՞նչ պետք է անի՝ մենք պետք է ժամանակ ունենանք, որպեսզի վերականգնենք մեր ուժերը, այդ թվում՝ բանակը, և կարողանանք մեր սուբյեկտայնությունը վերականգնել, որն ինքնիշխանություն բառը գոռալով Նիկոլ Փաշինյանը հասցրել է շրիշակից ցածր մակարդակի։ Հիմա այդ ընթացքում, երբ որ մեր դեմ է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, որոնք Երևանն են պահանջում, մենք պետք է մեր բնական և ռազմավարական դաշնակիցների հետ այնպիսի փոխվստահելի հարաբերություն ձևավորենք, որ կարողանանք բալանսավորել Թուրքիային ու Ադրբեջանին, դա Իրանն է և դա Ռուսաստանն է, ուզենք, թե չուզենք։ Արևմուտքը մեզ հետ շատ ազնիվ է, ինքն ասում է՝ ես անվտանգային հարց այդտեղ չեմ կարող լուծել, ընդհակառակը՝ Արևմուտքին ձեռնտու է, որպեսզի Իրանը և Ռուսաստանն այս տարածաշրջանում թուլանան, իսկ դրա գործիքակազմը Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով է։ Հիմա մենք չպետք է այնպես անենք, որ հայտնվենք Թուրքիայի ու Ադրբեջանի ոտատակ, ինչ է թե ռուսների ու Իրանի դեմ պետք է ինչ-որ ծրագիր իրականացվի, այն էլ մեր հաշվին՝ Արցախի ու Հայաստանի հաշվին։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․